Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)

Առաջացա՞ք, առաջացե’ք

Առաջացա՞ք, առաջացե’ք

Եթե երբևէ չեք օգտվել երևանյան հասարակական տրանսպորտից, ապա վստա՛հ եղեք, որ Դուք չեք ճանաչում «իսկական» երևանցիներին։ Ինչ անակնկալներ ասես, որ չեն սպասում Ձեզ քաղաքային տրանսպորտում։

 

Կարծում եմ՝ սըր Չարլզ Դարվինը կտրուկ կփոխեր իր էվոլյուցիոն ուսմունքը և Գալապագոսյան կղզիներում իրողությունը փնտրելու փոխարեն կարող էր նստել ցանկացած երևանյան երթուղային տաքսի, որտեղ վարորդը նրան տեղնուտեղը կառաջարկեր «առաջանալ», ճիշտ է` չպարզաբանելով, թե ինչից կամ ումից...

 

Քաղաքային տրանսպորտում կարող եք հանդիպել նաև մի շարք այլ առաջարկների, որոնց թվում օրինակ, անծանոթի «գիրկը նստելու» կամ մեկ ուրիշին սեփական «գրկում տեղավորելու»։ Ընդ որում այս «էրոտիկ» առաջարկություններից ոչ ոք չի նեղանում, ընդհակառակը, համեմատաբար բարեկիրթ մարդիկ նույնիսկ շնորհակալություն են հայտնում։ Բացի այդ, քաղաքային տրանսպորտից օգտվողները մինչև վերջին ժամանակներս կարող էին նաև ծխախոտ չգնել, քանի որ վարորդները «անշահախնդիր» կերպով «լրացնում էին» ուղևորների նիկոտինային պակասը։ Արդարության առջև չմեղանչելու համար նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության պայմաններում՝ մի շարք հասարակական կազմակերպությունների միջամտությամբ, որոնց շարքում իր ուրույն դերն ունի Հայկական բժշկական ասոցիացիան, այս հարցը վերջին ամիսներին մասամբ գտավ իր լուծումը։ Մասնավորապես, մի քանի վարորդներ հեռացվեցին աշխատանքից օրենքը խախտելու և հասարակական տրանսպորտում ծխելու համար։

 

Մեկ այլ հարց է քաղաքային տրանսպորտի անվտանգության խնդիրը։ Բոլորս հիշում ենք հերթական դժբախտ պատահարներից հետո կայացրած որոշումները և պետավտոտեսչության միջոցառումները, որոնք խստորեն փորձում էին հետևել փոխադրամիջոցների նստատեղերի և մեքենայի մեջ գտնվող ուղևորների քանակի համապատասխանությանը։ Իհարկե, նշենք, որ նման դեպքերում տրանսպորտային միջոցներ չեն ավելացվում, և կանգառներում գոյանում են մեծ կուտակումներ, ժողովրդի մեջ բարձրանում է դժգոհության ալիք, և մարդիկ դարձյալ սկսում են «երազել» իրար «գիրկ նստած» երթևեկելու մասին։ Այս պարզունակ «խստացումները» միշտ էլ ժամանակավոր բնույթ են կրում, և երևանցին կարճ ժամանակ անց նորից վերագտնում է իր «ինքնատիպ» կենսակերպը, ու նրա տեսակը այդպես էլ առեղծվածային է մնում մեր մայրաքաղաք այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

 

Իրոք, հետաքրքիր է իմանալ` ինչ են մտածում մեր մասին Գառնիով ու Գեղարդով հիացող զբոսաշրջիկները, երբ Երևանի փողոցներում տեսնում են անմարդկային կատաղի ջանքերով երթուղային տաքսի ներխուժող մեր համաքաղաքացիներին։ Գուցե մտածում են, որ դա էքստրեմալ սպորտաձևի ազգային տեսակ է։ Թերևս նրանք չեն սխալվում։ Միայն թե պետք է այդ միամիտ զբոսաշրջիկներին զգուշացնել, որ այդ «սպորտաձևը» տարիների քրտնաջան մարզումներ է պահանջում, և առանց համապատասխան մարզավիճակի իմաստ չունի միանալ երթուղային տաքսի ներխուժողների խմբին. դա վտանգավոր է սովորական մարդկանց առողջության համար...

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ